13:26   17-08-2022
Image Description
Աֆղանստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կապված է Արևմուտքի գործողությունների հետ. ՌԴ ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արևմուտքի գործողություններն Աֆղանստանին զրկում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հաղթելու հնարավորությունից:

Արևմուտքի կողմից Աֆղանստանի ակտիվների սառեցումը կաթվածահար է արել բանկային հատվածը և տնտեսության հարակից ոլորտները, ինչը կարող է զրկել երկրին թմրանյութերի արտադրությունից հրաժարվելու հնարավորությունից, ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Նա նշել է, որ դեռևս 2021 թվականի մայիսին, մինչ ամերիկացիները կհեռանային Աֆղանստանից, Աֆղանստանի վերականգնման գծով ԱՄՆ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն զեկույցում հայտարարել էր, որ երկիրը մոտ է հումանիտար աղետին։

«Առնվազն 23 միլիոն մարդ հրատապ պարենային օգնության կարիք ուներ: Դրան գումարեք արևմտյան երկրների կողմից Աֆղանստանի ֆինանսական ակտիվների արգելափակումը, որն ապահովեց ոչ միայն բանկային, այլև արդյունաբերության և գյուղատնտեսության կաթվածահարությունը», – ասել է Տարաբրինը:

«Այս դժվարին պայմաններում ափիոնի կակաչի մշակությունն ու թմրանյութերի արտադրությունը մնում են Աֆղանստանի բնակչության եկամտի գրեթե միակ աղբյուրը: Հաշվի առնելով երաշտը, սերմերի և պարարտանյութերի բացակայությունը, հազիվ թե տեսանելի են դրանք օրինական մշակաբույսերով փոխարինելու հեռանկարները», – ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է գործադիր հրաման՝ արգելափակելով Աֆղանստանի Կենտրոնական բանկի 7 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք պահվում են ԱՄՆ բանկերում:

Loading...