12:00   19-08-2022
Image Description
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 16-ին Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունում (ԱՀՄԱՊՆ) կայացել է Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցություններն անցկացրել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվել են հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվել է երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտյագո Կաֆիերոն։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքական խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, քննարկվել հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների սերտացման հարցեր։

Արգենտինա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել են մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, պաշտպանության նախարար Խորխե Տայանան, Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի անդամներն ու Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Էդուարդո Վալդեսը:

Loading...