16:05   26-09-2022
Image Description
Թուրքիան չի ճանաչում Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեները. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան չի ճանաչում Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեների արդյունքները, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Մենք հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը, որ չենք ճանաչում Ղրիմի անեքսիան։ Մենք չենք ճանաչում Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող հանրաքվեների արդյունքները, արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն ու դիրքորոշումն այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն՝ Տոկիոյում Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում։

Ղազախստանի արտգործնախարարությունն էլ մեկնաբանելով Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացումը, հայտարարել է, որ Ղազախստանն առաջնորդվում է պետությունների տարածքային ամբողջականության և նրանց ինքնիշխան իրավահավասարության սկզբունքներով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանին միանալու հանրաքվեն Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։

Loading...