10:36   05-10-2022
Image Description
Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ որ դեպքում կընդունի Արցախի նախագահի առաջարկը
Թողնել մեկնաբանություն

Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

«Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել:
Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:
Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:
Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:
Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:
Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,-գրել է Վարդանյանը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ Արցախ տեղափոխված հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- գրել էր Հարությունյանը:

Loading...