12:11   06-10-2022
Image Description
Հյուսիսային Կորեան ևս 2 հրթիռ է արձակել Ճապոնիայի ծով
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Հրթիռներն արձակվել են 15 րոպե ընդմիջումներով։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ հրթիռների բեկորներին, եթե դրանք գտնվեն:

Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։

Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայում։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանի արձակած բալիստիկ հրթիռն անցել էր Ճապոնիայի տարածքով և ընկել Խաղաղ օվկիանոս։ Ըստ ճապոնացի փորձագետների՝ հրթիռն անցել էր Փհենյանի կողմից նման փորձարկումների պատմության ընթացքում առավելագույն տարածություն՝ 4600 կմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժությունների ընթացքում «երկիր-երկիր» դասի 4 հրթիռ են արձակել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման։ Հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ Hyunmoo-2 բալիստիկ հրթիռը մեկնարկից հետո ընկել է ռազմաբազայի տարածքում։ Արկը չի պայթել, այրվել է վառոդը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Loading...