11:35   31-10-2022
Image Description
Համաշխարհային հայկական գագթնաժողովը հայրենիքի և սփյուռքի միջև երկխոսություն է ապահովում․ ՀՀ ԱՍՀ նախարար
Թողնել մեկնաբանություն

Համաշխարհային հայկական գագթնաժողովը լավ առիթ է գաղափարները մեկտեղելու և ավելի լավ արդյունք ստանալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Մկրտչյանը, կարևորելով Համաշխարհային հայկական գագթնաժողովի դերը, ընդգծեց, որ այն հայրենիքի և սփյուռքի միջև երկխոսություն է ապահովում։ Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորինս շատ կազմակերպել նման երկխոսություններ, որոնք հնարավորություն կտան ներկայացնել առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծումները։ 

Նախարարը շեշտեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, հետճգնաժամային ժամանակահատվածում այն պետական գերատեսչություններից մեկն էր, որի վրա էր ընկած այդ ճգնաժամը հաղթահարելու բեռի մի հատվածը։ 

«Սա շատ լավ առիթ է՝ մեկտեղելու մեր գաղափարները, որպեսզի հասկանանք, թե ինչ ավելի լավ գաղափարներ և մոտեցումներ կան, որոնք մենք կարող ենք համադրել՝ ավելի լավ արդյունք ունենալու համար։ Սա ևս մեկ առիթ է, որպեսզի մենք ներկայացնենք Սփյուռքին, թե իրականում ինչ է իրականացվում Հայաստանում կոնկրետ սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտում»,- նշեց նախարարը։ 

Մկրտչյանի խոսքով՝ տեղեկատվական հոսքը  շատ հաճախ խճճում է մարդկանց։  Իրական պատկերը շատ հաճախ աղավաղված է հասնում հայկական այնպիսի համայնքներ, որոնք շփման և հաղորդկացման կարիք ունեն։ Նրա համոզմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այդ խնդիրը լուծելու միջոցառումներից մեկն է։

«Մենք պետք է գիտելիք և փորձ ներգրավենք սփյուռքից։ Այս աշխարհում և՛ գիտելիքը, և՛ գաղափարները բավականին խոսուն են, որոնք պետք է ուղղորդվեն հայրենիք։ Սփյուռքը քաղաքակրթության պատուհան պետք է լինի։ Նաև մենք ինքներս պետք է գաղափար առաջադրող լինենք։ Լինելով փոքր պետություն, բայց գլոբալ ազգ՝ պետք է կարողանանք գաղափարներ գեներացնել»,- եզրափակեց նախարարը։ 

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Loading...