15:29   28-11-2022
Image Description
Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետաջակցություն ստանալու համար Արցախում ավելի քան 9660 դիմում է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության Նյութական  վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ  առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Նյութական  վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:

«Մինչև Կոմիտեի ստեղծումը  քննարկվել և բավարարվել էր 1364 դիմումների հիման վրա ստեղծված անհատական գործ: Մենք կիրառեցինք  այլ սկզբունք. համասեփականատերերին սկսեցինք հաշվառել որպես առանձին շահառուներ, ըստ այդմ էլ տրամադրում ենք աջակցությունը: Ներկայում ունենք բավարարված 2545 գործ՝ 2748 շահառուի  վերաբերյալ»,-մանրամասնեց Վահրամ Ղահրամանյանը:  

Նրա խոսքով՝ Նյութական վնասների հարցերի կոմիտեն նախագահի հրամանագրով ստեղծվել է ընթացիկ տարվա  փետրվարին, իսկ լիարժեք գործունեություն ծավալում է ապրիլ-մայիս ամիսներից:

Դիմումների ընդունման,  նյութական վնասների որոշման ու աջակցության տրամադրման գործառույթները մինչ այդ իրականացվում էին Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի և զուգահեռ ստեղծված միջգերատեսչական պետական հանձնաժողովի կողմից:

Loading...