15:16   31-01-2023
Image Description
Ուսումնական արձակուրդ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նոր հնարավորություններ կտա
Թողնել մեկնաբանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել:

«Շատ դեպքերում գործատուները դեմ չեն, որ իրենց աշխատողները գնան սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու: Գործող օրենսդրությամբ, նման դեպքում գործատուն հարկադրված է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները: Առաջարկվող փոփոխությամբ, գործատուն, եթե ցանկանում է, ապա կարող է պահպանել աշխատողի աշխատատեղը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Հնարավորություն է տրվում ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք: Այդ ընթացքում աշխատողը չի վարձատրվում, պահպանվում է միայն նրա աշխատատեղը:

Loading...