19:35   31-01-2023
Image Description
Գեղարքունիքի մարզում ներկայացվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ներկայացվեց  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում ներդրված  «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  ծրագրի իրազեկման նպատակով հրավիրված հանդիպմանը հրավիրվել էին մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանների պաշտպանության ոլորտի պատասխանատուներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ մարզում տեղակայված զորամասերի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրենների տեղակալներ, զինղեկներ։

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի նպատակների եւ խնդիրների վրա՝ կարեւորելով ծրագրի իրազեկումը մարզի դպրոցներում, համայնքներում եւ զորամասերում։

 Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը մանրամասնորեն ներկայացրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի բովանդակությունը, նշելով, որ այն բխում է պատանիների եւ երիտասարդների շրջանում ծառայության գրավչության բարձրացումից, եւ որ ամենակարեւորն է, հարկավոր է լայնորեն իրազեկել ծրագրի մասին։

 «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, որի ավարտին ծառայողին տրվում է 5 միլիոն դրամ պարգեւավճար, այսինքն, զինվորը 6 ամիս ծառայելուց հետո դիմում է իր զորամասի հրամանատարությանը՝ ծրագրի մասնակցության ցանկության վերաբերյալ, եւ կնքվում է պայմանագիր:

«Եթե պայմանագրային զինծառայողները առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվում են, նրանց համար նույնպես սահմանված է պատվովճար ստանալու իրավունք։

Պայմանագիր կնքած զինծառայողները ծառայության անցնելուց 3 ամիս հետո ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, եւ դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:

Մարտական հերթապահության ներգրավվելու դեպքում եւս նախատեսվում է ծառայողի աշխատավարձի բարձրացում՝ հասնելով մինչեւ 380 հազար դրամի:

Պայմանագրային ծառայության անցնելու դեպքում զինծառայողը կարող է ընտրել իր ծառայության վայրը»,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը։

Հանդիպման ավարտին մարզպետարանի ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Առաջիկա օրերին նախատեսվում է նաեւ ծրագրի իրազեկում  դպրոցականների շրջանում։

Loading...