14:02   06-02-2023
Image Description
Արցախում շրջափակման ընթացքում ծնվել է 204 երեխա
Թողնել մեկնաբանություն

ՀՀ տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 05.02.2023թ. դրությամբ։

Շրջափակման մեջ ծնված երեխաների թիվը անցել է 200-ը

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Փետրվարի 5-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ:
Շրջափակման պատճառով ստեղծված տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված՝ Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, Նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով:

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:
Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական մի շարք ծրագրեր: Ծրագրերից մեկն վերաբերելու է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանի տեղեկատվությամբ՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն:
Մյուս ծրագրով՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

Loading...