13:36   07-02-2023
Image Description
Օհանյանի մասնակցությամբ զորամասի տարածքի օտարմանը պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի տրվել. գլխավոր դատախազ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ԱԺ-ի կողմից համաձայնություն  տալու միջնորդության ներկայացման ժամանակ ընդգծեց, որ զորամասի տարածքն օտարելու համար պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջնորդագրի ներկայացումից հետո գլխավոր դատախազին հարց տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Որքանով ես հասկացա՝ զորամասի տարածքը սեփականաշնորհվել է, հանձնվել է երրորդ անձի և դրանից հետո գրավադրվել է: Կա՞ որևիցե բացատրություն, թե ինչո՞ւ են զորամասի տարածքը հանձնել երրորդ մեկին, դրանից հետո գրավադրել բանկում»:

Վարդապետյանն ասաց՝ պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել: «Հիմնական բացատրությունը, որ, որպես իրավաբան ինձ հասկանալի է այդ սխեմայի մեջ, կայանում է նրանում, որ երրորդ անձի անունով գույքը գրանցելը ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, այսինքն՝ ցույց չտալ, թե ում է օտարվում տարածքը: Հետագայում, իհարկե, բանկում գրավադրումը և շահառուին վերհանելը, ով բանկից ստացել է գումար, մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը: Թույլ կտամ ինձ ասել, որ պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել»,-ասաց Վարդապետյանը:

Դատախազի խոսքով՝ հնչած բացատրությունները եղել են խիստ անորոշ, հատկապես, երբ տվյալ տարածքները չօտարելու՝ Հողային օրենսգրքի ուղիղ պահանջ կա: Փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար է եղել, այդքան մեծ տարածք անհրաժեշտ չի եղել, այդքան զինվորական միավորներ չեն եղել այդ զորամասերում տեղավորելու համար: Սակայն, Վարդապետյանի խոսքով, նախաքննությանը չեն ներկայացվել փաստաթղթային հիմնավորումներ:

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին է ներկայացրել 3 միջնորդագիր: Այժմ խորհրդարանը քննարկում է երկրորդ միջնորդագիրը:

Loading...