18:25   21-03-2023
Image Description
Թատերական ինստիտուտում դասադուլ է. ռեկտորատն արգելել է հայհոյանք պարունակող ներկայացումը
Թողնել մեկնաբանություն

Թատրոնի և կինոյի ինստիտուտի մի խումբ ուսանողներ դասադուլ են անում: Պատճառն այն է, որ նրանց կուրսային աշխատանք-ներկայացումը երկու անգամ բեմադրվելուց հետո արգելվել է ռեկտորատի կողմից: Բուհի ղեկավարությունն իր փաստարկներն ունի, թե ինչու ներկայացումն այլևս չպետք է բեմադրվի: Դա, սակայն, չի բավարարում ուսանողներին և նրանց կուրսի ղեկավար, բեմադրության ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին:

Ուսանողները որոշումը որակում են անհիմն: Ռեկտորատի մեկնաբանմամբ՝ պատճառը ներկայացման մեջ հնչող հայհոյանքն է:

Լիլիթ Արզումանյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար) - Հարցը քննարկվում է ռեկտորատի նիստում, որին մասնակցում էին ռեկտորատի անդամները և բոլոր կուրսի ղեկավարները: Եվ միաձայն ընդունվում է որոշում, որ այսուհետ կրթական հաստատությունում ուսանողական բեմում չի կարելի նման արտահայտություններ:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ բեմադրությունից հետո ստացել է բացասական արձագանքներ հանդիսատեսից և դասախոսներից: Ուսանողները հակադարձում են՝ 1 ժամ 45 րոպե տևած ներկայացումն ունեցել է 500-ից ավելի հանդիսատես, ստացել են բազմաթիվ դրական արձագանքներ: Ասում են՝ «Որբանոց»-ը ուսանողական առաջին ներկայացումը չէ, որում հնչել են հայհոյանքներ, սակայն մյուսները չեն արգելվել: Չնայած դրան՝ համաձայնել են որոշ զիջումների գնալ:

Ավետ Կալամդարյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող) - Հանեցինք այդ բառը, անգամ համաձանեցինք տեսարան հանել, որ երեխայի շուրթերից չլինի: Բայց դրա արձագանքը եղավ այն, որ մեկ անգամ է լինելու ներկայացումը:

Ռեկտորի պաշտոնակատարը նշում է՝ ուսանողական թատրոնը խաղացանկային չէ, և դա ընդամենը կուրսային աշխատանք է, որն արդեն երկու անգամ խաղացել են, կարծում է` դա լիովին բավարար է: Ռեսուրսները քիչ են, պետք է բավարարեն բոլորին՝ ասում է Արզումանյանը: Հրավիրված նիստում որոշվել է նաև հետագայում ուսանողների աշխատանքները թույլատրել-չթույլատրելու մեխանիզմը:

Ժիրայր Դադասյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ) - Կա կրթական ծրագիր, ըստ որի` այն ներկայացումները, որոնք արդեն գնում են դեպի դիպլոմային աշխատանք, պարտադիր պետք է դիտվեն ամբիոնի և ինստիտուտի ղեկավարության կողմից:

Ի՞նչ է սա, եթե ոչ գրաքննություն՝ հարցնում են ուսանողները: Ներկայացումը բեմադրած կուրսի ղեկավար, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի խոսքով՝ ինստիտուտը կոչված է դաստիարակելու դերասանին, ինչին հակասում է ռեկտորատի որոշումը:

Նիկոլայ Ծատուրյան (ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր) - Աբսուրդն այն է, որ ամբողջ հանձնաժողովը չի նայել, բայց նստած քննարկում է: Ավելի «նոնսենս» հնարավոր չի պատկերացնել: Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից: Չես նայել՝ ի՞նչ ես քննարկում:

Ռեկտորի պաշտոնակատարը հաստատում է՝ վեպն է կարդացել, ներկայացումը չի դիտել, բայց համոզված է, որ դա չի խանգարում օբյեկտիվ գնահատական տալուն: Ներկայացումն արգելելը «գրաքննություն» որակած ուսանողները մտադիր են շարունակել ուրբաթ օրվանից սկսած դասադուլը: Պահանջում են ներկայացման վերականգնում: Բուհի ղեկավարը նշում է՝ անկախ դասադուլի տևողությունից, որոշումն անփոփոխ է:

Loading...