18:10   24-03-2023
Image Description
Բաբկեն Թունյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հումանիտար հետևանքներին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը  բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` կարևորելով երկու երկրների փոխհամագործակցության խորացումն ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա պատճառով առաջացած հումանիտար հետևանքներին և հիմնախնդիրներին` Բաբկեն Թունյանը նշել է, որ 120 հազար մեր հայրենակից գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:

Մասանորի Ֆուկուշիման ընդգծել է, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխհամագործակցությունը: Նա նշել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին թե՛ դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե՛ թվայնացման և այլ ուղղություններով: Դեսպանի խոսքով՝ այս ընթացքում տեղի են ունեցել բավականին ակտիվ մշակութային միջոցառումներ: Մասանորի Ֆուկուշիման կարևորել է փոխադարձ այցելությունները թե՛ բարեկամական խմբերի և թե՛ գործարար համայնքների միջև:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ճանաչելիության մեծացմանը Ճապոնիայի գործարարների շրջանակում:

Loading...