11:10   27-03-2023
Image Description
Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան
Թողնել մեկնաբանություն

Սիսիան համայնքի մի քանի ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների փոխանցմամբ՝ էական խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա, չեն արձանագրվել։

Խախտումներ, սակայն, արձանագրել են դիտորդները։

Ընտրատեղամասերում առավոտից դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Լուրերի» թղթակցին տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Սիսիան համայնքում տարբեր տեսակի խնդիրներ են արձանագրվել։

«Միանգամից ասեմ, որ ֆենոմենալ, մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն եղել, հիմնականում եղել են որոշակի կուտակումներ, ուղղորդումներ, մեր դիտարկումից հետո կուտակումները ոստիկանության աշխատողների կողմից ցրվել են»,- ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ բավականին շատ են արձանագրվել դեպքեր, երբ տարբեր անձինք լավ չեն տիրապետել ԸՕ կարգավորումներին. «Ես նկատի ունեմ թե՛ ընտրական հանձնաժողովի անդամներին, թե՛ վստահված անձանց, թե՛ որոշ դիտորդների, թե՛ լրագրողների և թե՛ ընտրողների։ Այս մասով բաց կա»,- նշեց նա։

Քվեարկության օրն արձանագրված խնդիրների շարքում Դանիել Իոաննիսյանն առանձնացրեց այն, որ որոշ լրատվամիջոցներ ակտիվ ինֆորմացիա են տարածել առ այն, որ իբր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը պնդում է, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրակաշառք է բաժանել, բայց իրականում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը նման պնդում չի արել, և սա ինչ որ առումով վերածվեց ՔՊ-ի դեմ հակաքարոզի, ինչը խնդրահարույց է, բայց օրենքի խախտում ֆորմալ առումով այստեղ չկա»,- ասաց Իոաննիսյանը՝ նշելով, որ ընտրակաշառքների վերաբերյալ որևէ արժանահավատ ահազանգ իրենք չեն ստացել։

Loading...