11:21   01-04-2023
Image Description
Երիտասարդների սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար պայմաններ ստեղծել. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Թողնել մեկնաբանություն

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա են եղել ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով միջնաժամկետ ոլորտային հայտը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է երիտասարդության մասնակցության, սոցիալականացման և ինքնիրացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, երիտասարդության ներուժի ներգրավմանն ու զարգացմանը:

2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նախարարի տեղակալն առանձնացրել է ոլորտի հիմնական թիրախները՝ ստեղծել 25 երիտասարդական կենտրոն, համայնքներում հիմնել 23 սոցիալական ձեռնարկություն, ավելացնել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թիվը և այլն: Նպատակային է համարվում նաև ընդլայնել տարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, խթանել երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակությունը, մեծացնել երիտասարդների զբաղվածության հնարավորությունները։

Խոսելով ՀՀ համայնքներում երիտասարդական կենտրոններ ստեղծելու ծրագրի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համայնքներում նախատեսվում է  ստեղծել միջավայր և պայմաններ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար:

Քննարկվել է «ՀՀ  տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման անցկացման կարևորությունը: Անդրադարձ է եղել երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերի և միջոցառումների շրջանակում տրամադրվող մրցութային դրամաշնորհներին: Նշվել է, որ դրանք ուղղված են մարզաբնակ երիտասարդների կարողությունների (մեդիագրագիտություն, թվային գրագիտություն և այլն) զարգացմանը:

Առանձնացվել են նաև երիտասարդական ծրագրերի շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ անցկացնելու թիրախային նպատակները, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացմանը:

Քննարկման մասնակիցները կարևորել են ծրագրի շուրջ իրականացվող հանրային քննարկումները և հաշվետվողականությունը:

Loading...