11:23   01-04-2023
Image Description
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:

Լորան Վոքիեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լորան Վոքիեն շեշտել է, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ՝ թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ:

ՀՑԹԻ տնօրենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար, և նշել, որ 2020 թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի և առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակությունն եղել է նաև Հիշողության պուրակում, որտեղ Լորան Վոքիեն ջրել է  2019 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին:

Loading...