12:51   01-04-2023
Image Description
ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

 Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով ՇՄ նախարարությունը հարկ է համարել պարզաբանել հետևյալը

 «Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից), մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը, հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։

Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և՛ փաստաթղթերով, և՛ տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք»:

 Նշվում է նաև, որ հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։»

Նախարարությունը նշում է, որ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։

Loading...