11:33   03-06-2023
Image Description
16 տարեկան մատուցողի ծեծի խնդրով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և դատախազությունից
Թողնել մեկնաբանություն

16-ամյա մատուցողին ծեծած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը դատախազի որոշմամբ վերացվել է: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար: Նա ձերբակալվել է, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հունիսի 1-ին բռնության տեսանյութի տարածումից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 10-ի միջադեպի մասին հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, իսկ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել գործուն զղջալու հիմքով: Որոշմանն այսօր խորհրդարանում անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Արգիշտի Քյարամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ) - Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել, և, ընդհանուր առմամբ, Քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է դա: Մենք չենք ընդունում, և ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ: Ես գիտեմ, որ հանրության շրջանակում բացասական արձագանք է գտել այդ տեսանյութի տարածումից հետո այդ երևույթը, և ես այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել մեր հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով, միգուցե, նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։

Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել նաև Խնամակալության և հոգաբարձության մարմնի ու անչափահասի փաստաբանի հետ:

Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Տվյալ պարագայում խոսքն անչափահասի մասին է, հետևաբար, նաև այս մասով տրամադրվող տեղեկատվությունը, տարածվող տեղեկատվությունը պետք է շատ զգույշ լինի, շատ զգայուն լինի: Մենք ևս, թե հանդիպումները, թե նաև մնացյալ այլ գործիքակազմի իրացումը, որն այս համատեքստում իրականացնելու ենք, իրականացնելու ենք խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի լավագույն շահը հաշվի առնելով:

Միջադեպի առնչությամբ դատախազն ուսումնասիրում է նաև «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում անչափահասներին աշխատանքի ընդունելու օրինականության հնարավոր խախտումները:

Loading...