19:38   07-06-2023
Image Description
Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Ողջունելով հյուրին՝ նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր են նաև մեր երկրի կառավարման համակարգի բարելավման համար:

Վստահ եմ՝ Ձեր այցելությունը կնպաստի ոչ միայն խորհրդարանական մեր կապերի ամրապնդմանը, այլև նպաստող կլինի Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխայել Ռոթը նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, Ձեր հյուրընկալության համար: Այն հարաբերությունները, որ մենք ունենք խորհրդարանականների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ, շատ լավ և արդյունավետ են, սակայն, կարծում եմ՝ դրանք բավարար չեն այնպիսի ժամանակներում, որոնցում ապրում ենք, մասնավորապես՝ անորոշության, ճգնաժամերի և պատերազմների ժամանակաշրջանում: Ուստի կցանկանայի, որ իմ այս այցն ընկալեիք որպես մի համեստ քայլ, համերաշխության նշան մի երկրի նկատմամբ, որը ժողովրդավարական արժեքներով ընթանում է դեպի եվրոպական համընդհանուր արժեհամակարգերի ընտանիք»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև անկախությունից հետո հաստատված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում: Այս կապակցությամբ Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի Կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է այդ ճանապարհով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:



Loading...