13:53   10-09-2020
Մինչև 2023թ. պետք է հրաժարվել սննդի արտադրությունում տրանսճարպերի կիրառումից. ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է մինչև 2023 թվականը սննդամթերքի արտադրության մեջ լիովին հրաժարվել տրանսճարպերի օգտագործումից։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Ղեբրեյեսուսը։

«Մինչ 2023 թվականը տրանսճարպերի վերացման մեր նպատակը չպետք է հետաձգվի։ Հիմա, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 հիվանդության համաճարակի դեմ, մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք մարդկանց առողջությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։

ԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «ըստ գնահատականների՝ տրանսճարպերի սպառումը տարեկան դառնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով շուրջ 500 հազար մարդու մահվան պատճառ»:

Այդ պատճառով կազմակերպությունում դրական են գնահատում այն փաստը, որ 58 պետություններ «ընդունել են օրենքներ, որոնք 2021 թվականի վերջին այդ վնասակար նյութերից կպաշտպանեն 3,2 մլրդ մարդու»: Միևնույն ժամանակ, տրասճարպերից հրաժարվելու համար շտապ քայլեր պետք է ձեռնարկեն դեռ 100-ից ավելի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Մեքսիկան։

ԱՀԿ-ն 2018 թվականի հունիսին ներկայացրել է REPLACE նախագիծը, որն ուղղված է ամբողջ աշխարհում սննդամթերքի արդյունաբերության մեջ տրանսճարպերի փուլային վերացմանը։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...