14:10   20-09-2020
Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել երկրում Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկում լույս տեսած հրապարակումների հետ, որոնցում վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն որպես մամուլի ազատություն»:

Նա անդրադարձել է նաև Կիպրոսի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին և հիշեցրել, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլևս չի բանակցելու դաշնություն ստեղծելու վերաբերյալ:

Չավուշօղլուն ընդգծել է, որ անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...