10:03   23-09-2020
Համավարակը փոփոխություններ է մտցրել Նոբելյան մրցանակի հանձնման արարողության մեջ
Թողնել մեկնաբանություն

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման 2020 թվականի արարողությունը, որն ավանդաբար դեկտեմբերի 10-ին անցկացվում է Օսլոյի քաղաքապետարանում, այս տարի կորոնավիրուսի բռնկման պատճառով կանցկացվի կրճատված տարբերակով՝ քաղաքային համալսարանում, հայտնում է AP-ը:

«Սա տարօրինակ եւ դժվար տարի է շատ առումներով: Մենք ապրում ենք նույնը, ինչ շատ ուրիշներ, ամեն ինչ պետք է արվի նորովի»,- ասում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի՝ Նոբելյան մրցանակը համակարգող մարմնի տնօրեն Օլավ Նյելստադը:

Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության եւ գրականության, ինչպես նաեւ տնտեսական մրցանակների հանձնման արարողությունները կանցկացվեն Ստոկհոլմում նույն օրը: Կազմակերպիչները համավարակի պատճառով փոքր արարողություններ են նախատեսել:

1947-1990 թվականներին Խաղաղության մրցանակի հանձնման վայրը Օսլոյի համալսարանի լսարանն է եղել: Երեսուն տարի առաջ միջոցառումը տեղափոխվել է քաղաքապետարան, որը կարող էր տեղավորել շուրջ 1000 հյուրերի, որոնց թվում էին Նորվեգիայի թագավորական ընտանիքի անդամները: Այս տարի նախատեսված է ընդամենը 100 հյուր:

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2020-ի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մյուս դափնեկիրներինը` հոկտեմբերի 5-12-ը: Խաղաղության մրցանակի 2020-ի համար առաջադրվել է 318 թեկնածու՝ 211 ֆիզիկական անձ եւ 107 կազմակերպություն եւ խումբ:

Որոշակի անորոշություն կա այն առումով, թե արդյոք հաղթողները կկարողանան մեկնել Շվեդիա, եւ քննարկվում է մրցանակաբաշխության վիրտուալ արարողության հնարավորությունը:

Օսլոյում եւ Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնումից հետո անցկացվող ավանդական բանկետը եւ համերգը չեղյալ են հայտարարվել:

Գրում է՝ News.am -ը:

Loading...