10:04   23-09-2020
Պուտին. Ռուսաստանը տիեզերքում զենքի տեղակայումն արգելող համաձայնագրի կնքման նախաձեռնությամբ է հանդես գալիս
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի նպաստի տարածաշրջանային ճգնաժամերի եւ հակամարտությունների խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը եւ ռազմավարական կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

«Չնայած բոլոր վեճերին եւ տարաձայնություններին, երբեմն թյուրիմացությանը եւ նույնիսկ որոշ գործընկերների նկատմամբ անվստահությանը, մենք վճռականորեն կառաջարկենք կառուցողական, միավորող նախաձեռնություններ, առաջին հերթին՝ զենքի վերահսկման ոլորտում, ամրապնդելով այստեղ գործող պայմանագրային ռեժիմները: Սա վերաբերում է նաեւ քիմիական, կենսաբանական եւ թունավոր զենքերի արգելմանը:

Առաջնային խնդիրը, որը կարող է եւ պետք է լուծվի անհապաղ, իհարկե, Ռազմավարական հարձակողական զենքի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայմանագրի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին, շատ շուտով: Մենք այդպիսի բանակցություններ ենք վարում ամերիկացի գործընկերների հետ:

Բացի այդ, ակնկալում ենք նոր հրթիռային համակարգերի տեղակայման հարցում փոխադարձ զսպում: Ավելացնեմ, որ անցյալ տարվանից, ուզում եմ դա ընդգծել, անցյալ տարվանից Ռուսաստանն արդեն հայտարարել է Եվրոպայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում միջին եւ ավելի փոքր հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայման մորատորիում, քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնում նման միջոցառումներից: Ցավոք, մենք դեռ չենք լսել մեր առաջարկի արձագանքը ոչ մեր ամերիկացի գործընկերների, ոչ էլ նրանց դաշնակիցների կողմից:

Կարծում եմ, որ հատուկ հարցերի վերաբերյալ նման փոխադարձ քայլերը լավ հիմք կստեղծեին՝ ռազմավարական կայունության վրա ազդող գործոնների շուրջ լուրջ, խորը զրույց սկսելու համար: Դրա նպատակը կլիներ համապարփակ համաձայնությունների ձեռքբերումը, միջազգային անվտանգության ճարտարապետության ամուր հիմքի ձեւավորումը, որը հաշվի է առնում այս ոլորտում նախկին փորձը եւ լիովին համապատասխանում է ոչ միայն ժամանակակից, այլեւ հեռանկարային ռազմաքաղաքական եւ տեխնոլոգիական իրողություններին:

Մասնավորապես, Ռուսաստանը հանդես է գալիս բոլոր առաջատար տիեզերական տերությունների մասնակցությամբ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման նախաձեռնությամբ, որը նախատեսում է արգելել տիեզերքում զենքի տեղակայումը, տիեզերական օբյեկտների դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը»,- ասել է նա:

Գրում է՝ News.am -ը:

Loading...