10:35   23-09-2020
Նիկոլաս Մադուրոն ԿՀՎ-ին մեղադրել է Վենեսուելայի տարածքում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ
Թողնել մեկնաբանություն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) մեղադրել է Բոլիվարական Հանրապետության տարածքում ամերիկյան ղեկավարության հավանությամբ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես հայտնի է, [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի կառավարությունը DEA-ն [ԱՄՆ Թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչություն] օգտագործում է Վենեսուելայի վրա հարձակումներ կազմակերպելու համար։ Բայց նորությունն այն է, որ [ԱՄՆ իշխանությունները] կանաչ լույս են վառել ԿՀՎ-ի առաջ, որ նրա անմիջական գործակալները ընդհատակյա ահաբեկչական գործողություն կատարեն»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում։

Նրա խոսքով՝ պատրաստվող հարձակումներն ուղղված էին նավթային ճյուղի, էլեկտրաէներգետիկայի, ռազմական օբյեկտների թիրախներին, ինչպես նաեւ ընտրական գործընթացի խափանմանը։ Քաղաքական գործիչը հիշեցրել է նաեւ այն մասին, որ իշխանություններն ավելի վաղ բռնել էին ամերիկյան հատուկ ծառայությունների այդպիսի ներկայացուցիչներից մեկին, որը բացահայտել էր ԱՄՆ վարչակազմի համապատասխան ծրագրերը։

Վենեսուելայի գլխավոր դատախազությունն ավելի վաղ ահաբեկչության, զենքի մաքսանենգության եւ հանցավոր համաձայնության մեղադրանք էր առաջադրել ԱՄՆ քաղաքացի Մեթյու Ջոն Հիթին, որը հարավամերիկյան երկրի տարածքում ձերբակալվել էր լրտեսության կասկածանքով։ Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Վիլյամ Սաաբի խոսքով՝ ձերբակալվածը Վենեսուելայում համախոհների օժանդակությամբ նախատեսել էր նավթային արդյունաբերության եւ էլեկտրամատակարարման ազգային համակարգի սաբոտաժի ակտեր։ Նրա հեռախոսի մեջ հայտնաբերվել են նավթամշակման գործարանների եւ ռազմական օբյեկտների լուսանկարներ։ Սաաբի խոսքով՝ հաստատվել է, որ ամերիկացին 2006-2016 թվականներին վարձկան է աշխատել Իրաքում ԿՀՎ բազաներում։

Գրում է՝ News.am -ը:

Loading...