10:54   23-09-2020
Ռոհանի. ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցություններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

«Քաղաքական ազատությունը կարեւոր է, եւ մենք, որպես Մերձավոր Արեւելքի ամենահին ժողովրդավարություն, հպարտ ենք, որ մեր ժողովուրդը որոշում է իր ճակատագիրը, եւ աճուրդի չենք հանելու ներքին ազատությունը»:

«Մենք մանրադրամ չենք դառնա ԱՄՆ ընտրություններում եւ ներքին քաղաքականության մեջ: Ընտրություններից հետո ԱՄՆ վարչակազմին այլ բան չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի կայունությանը»:

«Նրանք առանց որեւէ հիմքի մեզ մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ եւ պատժամիջոցներ են սահմանում ուրիշների հանդեպ՝ միջուկային զենք ստեղծելու պատրվակով։ Եւ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը խայտառակ համբավ ունի՝ որպես միակ երկիր, որն ատոմային ռումբեր է օգտագործել մարդկության պատմության մեջ»,- ասել է Ռոհանին:

«Այնուամենայնիվ, նրանք ապարդյուն փորձում են զրկել Իրանին նվազագույն պաշտպանական պահանջներից եւ անտեսում են միջազգային իրվունքն ու համաշխարհային կոնսենսուսը` փորձելով երկարացնել Իրանին զենքի մատակարարման սահմանափակումները`խախտելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը»:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես Ռուսաստանին եւ Չինաստանին, Ռոհանին նշել է, որ «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը եւ նրա բանաձեւն օգտագործելու ԱՄՆ ապօրինի փորձին երկու վճռական «ոչ»-երը հաղթանակ է ոչ միայն Իրանի, այլեւ համաշխարհային հանրության համար»:

Գրում է՝ News.am -ը:

Loading...