12:24   23-09-2020
Պենտագոնի ղեկավարը խոստացել է պահպանել Մերձավոր Արեւելքում Իսրայելի ռազմական գերազանցությունը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը խոստացել է պահպանել Մերձավոր Արեւելքում Իսրայելի ռազմական գերազանցությունը՝ ԱՄՆ-ի կողմից Արաբական Միացյալ Էմիրություններին F-35 կործանիչների հնարավոր վաճառքի պատճառով նրա մտավախությունների ֆոնին։

«Մեր պաշտպանական հարաբերությունների անկյունաքարը տարածաշրջանում Իսրայելի որակական ռազմական գերազանցության պահպանումն է»,- ասել է Էսփերը՝ Պենտագոնում ողջունելով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցին։ «Միացյալ Նահանգները հանձնառու է այդ հարցում, իսկ պաշտպանության նախարարությունը հանձնառու է այդ հրամայականին։ Մենք կշարունակենք հետեւել Իսրայելի անվտանգության աջակցության ԱՄՆ քաղաքականությանը»,- նշել է նա։

Գանցը շեշտել է «անկայուն» մերձավերարեւելյան տարածաշրջանում ամերիկա-իսրայելական գործընկերության կարեւորությունը։ «Ինչպես միշտ ասել եմ, մենք չունենք ուրիշ Միացյալ Նահանգներ, ինչպես եւ դուք չունեք ուրիշ Իսրայել»,- ասել է նա։ «Մենք այդ հարաբերությունները կշարունակենք նաեւ ապագայում։ Եվ մենք այդ հարաբերությունները դիտարկում ենք որպես արտոնություն, բայց նաեւ пրպես անհրաժեշտություն, մշտական անհրաժեշտություն»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը ԱՄԷ-ին F-35-ի վաճառքի հետ կապված «խնդիրներ» չունի, չնայած հրեական պետության առարկություններին։ Իսրայելը վաղուց հանդես է գալիս տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած դաշնակցին F-35-ի վաճառքի դեմ, ներառյալ Հորդանանին եւ Եգիպտոսին։ Այդպիսի վաճառքը կսասանի իր հարեւանների նկատմամբ Իսրայելի ռազմական գերազանցությունը։

ԱՄՆ-ն 1960-ական թվականներից այս հարցին մոտեցել է ըստ սկզբունքի, որի համաձայն Իսրայելը պետք է պահպանի  տարածաշրջանում «որակական ռազմական գերազանցություն», եւ այս հայեցակարգն ամրագրված է օրենքով։

Գրում է՝ News.am -ը:

Loading...