15:01   23-09-2020
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ․ ԿԳՄՍՆ
Թողնել մեկնաբանություն

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որում նշված լինի, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել դրսեկը և ո՞ր առարկաներից:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

Loading...