16:00   23-09-2020
Թուրքիան գնալով ավելի հաճախ է առևանգում և կտտանքների ենթարկում իշխանությունների քաղաքական հակառակորդներին. զեկույց
Թողնել մեկնաբանություն

Բելգիայում հիմնված «Թուրքական տրիբունալ» կազմակերպության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ թուրքական իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են սկսել առևանգել երկրի կառավարության հակառակորդներին՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս և հաճախ նրանց, գաղտնի վայրեր տեղափոխելով, տանջանքների են ենթարկում: Այս մասին գրում է alarabiya.net պարբերականը:

Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներն ավելի ու ավելի են հաճախակիացել այն բանից հետո, երբ 2016 թվականին երկրում չհաջողված հեղաշրջման փորձ եղավ: Դրանից հետո սկսեցին ավելի հաճախ լուրեր տարածվել ձերբակալությունների, ակադեմիական և պետական պաշտոններից ազատելու և մարդկանց անհետացումների մասին:

Բելգիայում տեղակայված «Թուրքական տրիբունալ» կազմակերպության զեկույցում ասվում է, որ չնայած Թուրքիան հերքում է պետության կապը ներքին առևանգումների հետ, «կան բավականին մեծ ապացույցներ, որ առևանգումներն ու անհետացումները կազմակերպվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից»:

Մասամբ հիմնվելով Անկարայի փաստաբանների միության զեկույցի վրա՝ վերլուծությունը կենտրոնացել է 2016 թվականի հուլիսի 15-ին Էրդողանի կառավարությունը տապալելու հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցած առևանգումների վրա, քանի որ այդ ժամանակից ի վեր «Թուրքիայի քաղաքացիների առևանգման միտումը կտրուկ աճում է»:

Նոր զեկույցում, որը հրապարակվել է այս ամիս, նշված է 25 ներքին առևանգում, որոնք «հաստատվել են տեսաձայնագրություններով, վկաների ցուցմունքներով, ՀԿ-ների ուսումնասիրություններով և այլ համապատասխան աղբյուրներով»:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...