16:09   23-09-2020
Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո:

Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետևում են նախարարության գործունեությանը և շատ տպավորված ու ոգևորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարևորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երևանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում և տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարևոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձևավորվող ենթակառուցվածքները:

Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձևավորելու ուղղությամբ:

Loading...