17:00   23-09-2020
Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Լուկաշենկոյի երդմնակալության «գաղտնի» արարողության մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքն անձամբ տեղեկություն չի ունեցել  Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօր տեղի ունեցած երդմնակալության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես անձամբ տեղեկություն չեմ ունեցել այդ մասին»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում գիտեին, որ Բելառուսի նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր:

Մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված է եղել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը, Պեսկովը նշել է, որ ընթացակարգը չի նախատեսում օտարերկրյա առաջնորդների ներկայությունը երդմնակալության արարողությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Նշվում է, որ արարողության մասին նախապես ոչինչ չի հայտարարվել, ուստի՝ բազմաթիվ լրատվամիջոցներ այն «գաղտնի» են որակել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...