17:09   23-09-2020
Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը
Թողնել մեկնաբանություն

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ Մայր թատրոնն ավանդույթներ պահող և հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր և անսպասելի դրսևորումներով է հանդես գալիս:

«Շուտով կնշենք թատրոնի 100-ամյակը, և որքան կարևոր է թատերական ներկայացումների որակը, նույնքան կարևոր է նաև թատրոնի ֆիզիկական վիճակը՝ հանդիսատեսի համար բոլոր պայմանների ապահովումը»,-ասել նախարարի տեղակալը:

Նա նաև կարևորել է Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100-ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադարձել է համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրել է թատրոնի նոր նախաձեռնությունները։

Loading...