17:13   23-09-2020
«Ելիսեյան պալատը չէր կարող ԶԼՄ-ներին փոխանցել Պուտինի և Մակրոնի զրույցի ձայնագրությունը». Պեսկովը՝ Le Monde-ի աղմկահարույց հրապարակման մասին
Թողնել մեկնաբանություն

Կրեմլում համոզված են, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: Այս դիրքորոշումը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով երկու նախագահների բանակցությունների մասին ֆրանսիական Le Monde թերթում տեղ գտած հրապարակումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:

«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:

«Մենք չենք կարող հավատալ, որ Ելիսեյան պալատից միտումնավոր, ռուսերեն ասած, երկու նախագահների զրույցի ձայնագրության արտահոսք է եղել: Սա Ֆրանսիան է: Ֆրանսիան չի կարող դա անել, մենք նույնիսկ չենք ուզում դրան հավատալ», -նշել է Պեսկովը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...