18:17   23-09-2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի շուրջ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում առկա առաջընթացի մասին
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է  Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ Թուրքիայի և Հունաստանի միջև ընթացող երկխոսության առաջընթացի մասին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ստոլտենբերգը հիշեցրել է, որ երկու երկրների ռազմական պատվիրակություններն արդեն մի քանի հանդիպում են անցկացրել Բրյուսելում տեղակայված  ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, որտեղ քննարկել են «անջատման մեթոդները», ինչպես նաև օդում և ծովում անցանկալի միջադեպերը կանխելու ուղիները:

«Հանդիպումները շարունակվում են: Զգալի առաջընթաց է նկատվում»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խոսքը ռազմական պատվիրակությունների մակարդակով տեխնիկական բանակցությունների մասին է, որոնք լրացնում են տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծելու ուղղությամբ Գերմանիայի դիվանագիտական ջանքերը:

Ստոլտենբերգը խոստացել է նաև, որ ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ կապեր պահպանել Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...