18:23   23-09-2020
«Նա այսօր պարզապես թոշակի անցավ. ժողովրդի ընտրած միակ առաջնորդը ես եմ». Տիխանովսկայան մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալությունը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո իրեն անվանել է «բելառուս ժողովրդի կողմից ընտրված միակ առաջնորդ»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր, ժողովրդից թաքուն, Լուկաշենկոն փորձել է անցկացնել սեփական երդմնակալությունը: Բոլորս էլ հասկանում ենք` ինչ է կատարվում: Իրեն օրինական ճանաչելու այս փորձը միայն հանգեցնում է նրան, որ իր նախորդ լիազորություններն ավարտվել են, իսկ ժողովուրդը նրան նոր մանդատ չի տվել: Այս, այսպես կոչված երդմնակալությունը, իհարկե կեղծիք է: Իրականում այսօր Լուկաշենկոն պարզապես թոշակի անցավ»,- հայտարարել է Տիխանովսկայան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։

Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:

«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:

Loading...