13:04   24-09-2020
Մեծ Բրիտանիայում մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ իրականացնել՝ նախապես վարակելով կամավորներին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել՝ կամավոր մասնակիցներին նախապես վարակելով «Քովիդ-19»-ով: Այս մասին հայտնում են The Mirror-ը, ինչպես նաև այլ բրիտանական աղբյուրներ՝ վկայակոչելով Financial Times-ի հրապարակած տեղեկությունը:

Վկայակոչելով ծրագրում ընդգրկված մարդկանց՝ Financial Times-ը սեպտեմբերի 23-ին հայտնել է, որ կամավորներին նախապես կվարակեն կորոնավիրուսով՝ աշխարհում առաջին նմանօրինակ փորձարկումների շրջանակներում:

Կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականի հունվարին Լոնդոնում գտնվող կարանտինային հաստատությունում:

Պատվաստանյութի անվանումը, որը կփորձարկվի այս ծրագրի շրջանակներում, չի հաղորդվում: FT-ի տվյալներով՝ գիտափորձին շուրջ 2000 մարդ կմասնակցի: Ենթադրվում է, որ կազմակերպիչները նրանցից մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր առողջ մարդկանց կընտրեն, որոնցից յուրաքանչյուրն առնվազն 4000 ֆունտ ստերլինգ կստանա: 

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...