13:41   24-09-2020
Փոփոխություններ՝ համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացակարգում
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը կանոնակարգում է ՀՀ տարածքում համայնքային ճանապարհների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և կառուցման հիմնական պահանջները: 

Գործադիրի նիստում, ներկայացնելով համապատասխան նախագիծը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշեց, որ ներկայումս համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որոնց համար ամրագրված ընթացակարգը ժամանակատար է և համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ ծախսարդյունավետ: 

«Առաջարկվում է ոչ տարանցիկ ՀՀ մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի բարեկարգման աշխատանքներն ընդգրկել ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն»,- ասաց Ղուլարյանը՝ նշելով, որ արդեն իսկ մշակված ուղեցույց կա, որը կհանձնվի համայնքապետարաններին:  

Վարչապետը նշեց, որ երկար ժամանակ քննարկում են գյուղական տեղական նշանակության ճանապարհների որակի լավացման հարցը: Նա շեշտեց, որ ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը:

Loading...