18:07   24-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը
Թողնել մեկնաբանություն

Տասնութերորդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոնիի, Ֆրանչեսկո Գվարդինիի և Միկելե Մարիեսկու կտավները ժամանակավոր կզարդարեն Հայաստանի Հանրապետության նախագահի  նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները  յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց` հավաքածուն Հայաստան է բերվել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի աջակցությամբ, որը ոչ միայն հարգված  իրավաբան, հոյակապ դասախոս, գիտնական, այլև մեծ արվեստասեր է:

«Այս ցուցահանդեսն իրականում երկկողմանի է: Ըստ համաձայնության` մենք մեր կողմից ցուցահանդես ենք կազմակերպելու Իտալիայի նախագահի նստավայրում: Հուսանք` ցուցահանդեսը կբացվի այս տարի, երբ ըստ պայմանավորվածության ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մինչև մեկ տասնյակ կտավ, գործեր որոնք ներկայացնում են մեր մեծագույն վարպետներին: Մենք չենք կարող ցուցադրություն իրականացնել Իտալիայում և մեզ հետ չվերցնել Այվազովսկու կտավներից որևէ մեկը, Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի և այլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ նախատեսում են ներկայացնել կտավներ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահից, այլև անձնական հավաքածուներից:

Վերադառնալով  իտալական ցուցահանդեսին` ՀՀ նախագահը շեշտեց, որ ցուցադրված է միջազգային նշանակություն ունեցող գեղանկարչություն: «Կտավները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է:  Այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով: Վենետիկը մեզ մոտ ոչ միայն Մխիթարյան միաբանության համար. հայ առևտրականները Վենետիկի հետ կապված են եղել դարեր: Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ: Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն: Հետևաբար` ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ այս օրը ջերմացնում է բոլորիս և մեկ անգամ ևս ցույց է տալիս երկու ժողովուրդների միջև և’ պատմական, և’ այսօրվա խորը, սերտ բարեկամական հարաբերությունները:

Loading...