14:50   25-09-2020
Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը՝ մասնավորապես նշելով, որ այդ որոշումը հեշտ չի տրվել, բայց իր համար չափազանց կարևոր է իր սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»,-նշել է Աբրահամյանը:

Loading...