14:27   28-09-2020
Արսեն Ղազարյանը գործարարներին կոչ է արել ակտիվ մասնակցել հերթական փորձությունը հաղթահարելու գործին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գործարար համայնքին կոչ է արել հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արսեն Ղազարյանը նշել է, որ այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու գործին:

«Հերթական անգամ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է պարտադրել ու ագրեսիվ հարձակում սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Իրեն հատուկ նենգությամբ այս երկիրը ոչ միայն ինքորոշված երկրի Պաշտպանության բանակի դեմ է կիրառում իր սպառազինության գրեթե ողջ զինանոցը, այլև թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքներ և գյուղեր՝ խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ օրենքներ։ Ոգևորված իր սպառազինությամբ, Թուքիայի անթաքույց աջակցությունից ու օտարերկրյա վարձկաններով, Ադրբեջանը հերթական մոլորության մեջ է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել ուժի դիքերից՝ մոռանալով, որ այդ կերպ անհնար է սասանել արցախցու անկախ ապրելու անկոտրում կամքը, հայրենի հողը պաշտպանելու հայի նվիրական վճռականությունը։ Այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու սուրբ գործին, իրենց մարդկային ու նյութական աջակցությունն ապահովեն հայոց բանակին ու զինվորին, իրենց միասնական ջանքերով նպաստեն թե՛ ռազմաճակատի և թե՛ թիկունքի կազմակերպված ու արդյունավետ գործունեությանը։ Ուստի գործարար համայնքին կոչ եմ անում իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել՝ հանգանակություններ կատարելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին»,-ասված է հայտարարության մեջ:


Loading...