11:41   30-09-2020
Թուրքական կողմը խեղաթյուրում է. պատգամավորն անդրադարձել է եզդիներին ուղղված իր կոչին
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում թուրքական ներգրավվածության մասին ապացույցները դառնում են անժխտելի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Այդ ֆոնին թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին։ Շեշտեմ՝ իմ կոչը վերաբերել է բացառապես եզդիներին, ավելին՝ Rudaw քրդական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ես շեշտել եմ, որ քրդերին և եզդիներին չի կարելի նույնականացնել։ Այդուհանդերձ, ZOOM տեսագրության ժամանակ հաղորդավարը հարց ուղղելիս կիրառել է՝ «քուրդ եզդիներ» եզրույթը, իսկ դրան ի պատասխան՝ ես արձանագրել եմ՝ խոսքը Հայաստանի եղբայրական ժողովրդի` եզդիների մասին է։ Խորհուրդ կտամ թուրքական կողմին իրենց ներգրավվածության կոծկման համար չդիմել մանիպուլյացիաների։ Իմ խոսքը հստակ է, և ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում»,-նշել է պատգամավորը:

Loading...