12:01   30-09-2020
«Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում». Կարո Փայլանը հարցում է ուղարկել Էրդողանի աշխատակազմին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը bianet.org կայքին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան «ուղարկած զինյալների մասին լուրերի» առնչությամբ և մի շարք այլ տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է ուղարկել Թուրքիայի նախագահականի աշխատակազմին:

Մեկնաբանելով Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների ուղարկումն Ադրբեջան՝ Փայլանն ասել է.«Ես դրա վերաբերյալ հարցում եմ ուղարկել նախագահական նստավայր և հետաքրքրվել եմ՝ արդյոք ճիշտ են այդ պնդումները: Այդ պնդումների վերաբերյալ բացատրություններ ենք սպասում մեր, այնուհետև` Ադրբեջանի կառավարությունից»:

Հայազգի պատգամավորը նշել է, որ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որ Արցախում պատերազմի կոչ է անում:

«Աշխարհում մեկ պետություն կա, որը պատերազմի կոչ է անում: Դա այն երկիրն է, որի քաղաքացին և պատգամավորը  ես եմ` Թուրքիան»,-ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը նշել է նաև, որ երկու հարևան երկրների միջև հակամարտության ժամանակ Թուրքիան չպետք է ինչ-որ մեկի կողմը բռնի:

«Մի քանի օր է պնդում են, որ Արցախի հայկական ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա: Սակայն Հայաստանը հարձակման ոչ մի պատճառ չունի: Այս դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն են ցանկանում փոփոխություն մտցնել»,-նշել է հայազգի պատգամավորը:

Կայքում նշված է նաև Կարո Փայլանի` նախագահական նստավայր ուղարկած հարցման բովանդակությունը:  Այն է`

1. Արցախյան պատերազմում ինչո՞ւ եք կրակի վրա բենզին լցնում:

2. Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում:

3. Մի՞թե չեք հասկանում, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը բոլորի պարտությունն է:

4.  Պատերազմին աջակցում եք Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելո՞ւ նպատակով:

5. Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխման մասին լուրը ճի՞շտ է:

6. Հիշո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք:

7. Հասկանո՞ւմ էիք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ավելացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:

8. Ինչո՞ւ եք հայերին թշնամի, իսկ ադրբեջանցիներին եղբայր համարում, երբ մենք ունենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ:

9. Հայտնի՞ է ձեզ, որ հայ ազգի դեմ ձեր թշնամական խոսքերը ուղղվել են մեր քաղաքացիների դեմ:

Գրում է Tert.am -ը:

Loading...