15:25   30-09-2020
«Արցախի վերաբերյալ Սաակաշվիլիի հայտարարությունը ոչ կոմպետենտ և սադրիչ է». Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին իր գնահատականն է տվել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Արցախի վերաբերյալ արված հայտարարությանը` այն բնորոշելով սադրիչ և ոչ կոմպետենտ: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Սաակաշվիլիի հայտարարությունը ոչ միայն սադրիչ է, այլև իմ կարծիքով՝ ոչ կոմպետենտ, չգիտես թե ինչ վնաս կարող է հասցնել այն Վրաստանին: Սա վնասելու և քանդելու բացահայտ արտայտություն է, որը կոչվում է աջակցություն կողմերից մեկին, երբ Վրաստանի շուրջ խաղաղություն է տիրում: Սաակաշվիլիի նպատակն այն է, որ դարերով Վրաստանի հետ խաղաղ ապրած հայերն ու ադրբեջանցիները առճակատման գնան, և եթե նրա երազանքը կատարվի, այդպես էլ կլինի: Այդ հայտարարությունն ուրիշ ոչինչ չի նշանակում»,-ասել է Գիա Վոլսկին:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում վրացական կողմը պետք է առավելագույն զսպվածություն դրսևորի, առավելագույնս չեզոք լինի և միջազգային հանրությանը կոչ անի մասնակցել ծավալվող իրադարձությունների արագ լուծմանը: Հակառակ դեպքում դա կարող է արտակարդ դրություն ստեղծել հարևանությամբ, մասնավորապես` Վրաստանում, որտեղ ապրում են և հայեր և ադրբեջանցիներ:

«Վրաստանի պատմությունը չի հիշում կրոնական կամ ազգային հողի վրա իր տարածքում որևէ հակասություն: Ցավոք, դա հիմա փորձում են անել հակառակորդները, և դա ապացուցվում է Սաակաշվիլիի հայտարարությամբ»,-ասել է Գիա Վոլսկին:

Loading...