16:08   30-09-2020
«Մենք դա չենք ընդունի»․ Մակրոնը հօգուտ Ադրբեջանի Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները «անխոհեմ և վտանգավոր» է որակել
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն Ադրբեջանին առաջ է մղում Արցախի հակամարտությունում, սակայն նման մոտեցումը Փարիզի համար անընդունելի է, հաղորդում Է Reuters-ը:

«Ես նկատել եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները (հօգուտ Ադրբեջանի), որոնք համարում եմ անխոհեմ և վտանգավոր»,-ասել Է Մակրոնը Լատվիա կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ֆրանսիան նախկինի պես չափազանց մտահոգված է այն ռազմատենչ ուղերձներով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին: Մենք դա չենք ընդունի»,- ընդգծել է Մակրոնը։

Մակրոնը նաև հայտնել է, որ ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` քննարկելու Արցախում իրավիճակի կարգավորման ուղիները: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading...