16:29   30-09-2020
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներից 3-ը Կոտայքի մարզից էին․ մարզպետարան
Թողնել մեկնաբանություն

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաև Կոտայքի մարզից: Այս մասին հայտարարություն է տարածեկ Կոտայքի մարզպետարանը։

«Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում(Սարալանջի փողոց 32/31/1):

Կոտայքի մարզպետարանը ի դեմս մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի, խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին:

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:

Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Գրում է Tert.am-ը:

Loading...