09:49   21-10-2020
Միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի անկախությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հրադադարի հաստատմանն ու առաջ մղել սեպտեմբերի վերջից Արցախի շուրջ թեժացած հակամարտության բանակցային կարգավորումը, տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից:

«Մարդասիրական հրադադար հաստատելու նախորդ երկու պայմանավորվածությունները՝ նախաձեռնված Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, միանգամից խախտվեցին: Մարտերը քաղաքացիական հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, միաժամանակ հայտնի են դառնում տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում Ադրբեջան՝ հայկական բնակչության դեմ կռվելու համար:

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները, որոնք լիակատար աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է օգնելու վերսկսել բանակցությունները: Խաղաղության համար նախադրյալներ ապահովելու և արդյունավետ հրադադարի հաստատման համար Թուրքիայի պես երրորդ կողմերը պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ քայլերն ու ռազմական ներխուժումները:

ԱՄՆ-ը պետք է անմիջապես նպաստի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատմանն ու Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների վերականգնմանը»,- գրել է իր հրաարակած նամակում Մարքին:

Սենատորն ընդգծել է՝ քանի որ Ադրբեջանը շարունակում է Արցախի հակամարտությունն ռազմական ուժի անօրինական կիրառմամբ լուծելու փորձերը, միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ Ազատության աջակցման թիվ 907 ակտը լիարժեք կկիրառվի, և կդադարեցվի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունն անվտանգության ոլորտում: Ավելին, պետքարտուղար Պոմպեոն և նախագահ Թրամփը, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է պարզ դարձնեն իրենց ավտորիտար ընկերոջ համար, որ Թուրքիայի հետագա ներգրավվումն այս հակամարտությունում կարժենա իրեն տրամադրվող ռազմական աջակցությունն ու ջերմ հարաբերություններն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ»,- շեշտել է սենատորը:

Գրում է Tert.am -ը:

Loading...