14:28   22-01-2016
«Երկիր Զաբախա»` Էդգար Հովհաննիսյան
Թողնել մեկնաբանություն

- Գրիգո'ր, դու կարո՞ղ ես ասել, թե ինչու Լենինն ազգային հարցը քննարկեց, լուծեց ոչ թե տվյալ ժամանակ աչքի ընկնող ավելի խոշոր քաղաքական գործիչներ Ստ. Շահումյանի կամ Վ. Ավանեսովի հետ, այլ գերադասեց այդ հարցը քննարկել  Վահան Տերյանի հետ:
- Անկեղծ ասած` չգիտեմ, Էդգա'ր Սերգեյիչ:
- Գիտե՞ս թե ինչու: Որովհետև Լենինը գիտեր, որ Վահան Տերյանը ջավախքցի է, իսկ ջավախքցուն խաբելը հեշտ է:
 
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962), ՀՀ (1972) և ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ, 1962-1968-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թթ.՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թթ.՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թթ.՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր, մեծանուն կոմպոզիտոր ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (1930, հունվարի 14, Երևան - 1998, դեկտեմբերի 27, Երևան) արմատները հասնում են Ջավախքի Գանձա գյուղ և Տեր Սուքիասի գերդաստան, որտեղից սերել են մեծավաստակ հասարակական-քաղաքական, գրական և մշակութային գործիչներ Ջավախեցին, Արամ և Ներսես Տեր-Գրիգորյանները, Վահան Տերյանը, Կամսար Գրիգորյանը և ուրիշներ: Էդգար Հովհաննիսյանը Վահան Տերյանի ավագ եղբոր` Արամ Տեր-Գրիգորյանի թոռն է` աղջկա տղան: 
Մեծավաստակ կոմպոզիտորը չնայած չի ծնվել Ջավախքում, սակայն միշտ հպարտացել է իր արմատներով և ամեն առիթի դեպքում բարձրաձայնել այդ մասին:
Երևանի Պեյո Յավորովի անվան 131-րդ դպրոցի տնօրեն, երգիչ Գրիգոր Սաֆարյանը ջերմ հուշեր ունի Էդգար Հովհաննիսյան կոմպոզիտորի, մարդու և հայորդու հետ կապված, որոնք ռադիոունկնդրին է ներկայացնում առանձնահատուկ սիրով և հուզմունքով: Նա մեծանուն կոմպոզիտորի, ավագ ընկերոջ, գործընկերոջ ու համերկրացու (Գրիգոր Սաֆարյանը ևս ծնունդով Ջավախքից է` Ախալցխայի Ծուղրութ գյուղից) անունը հավերժացրել է նաև իր ղեկավարած կրթօջախում, որտեղ 2005 թ. ստեղծվել է Է. Հովհաննիսյանի անունը կրող կամերային երաժշտության դահլիճ, որտեղ լայնորեն ներկայացված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղիները, բազմաթիվ նկարներ, անձնական գործեր, որոնք բոլորը հայ նորօրյա սերնդի մոտ վառ են պահում սերը դեպի Է. Հովհաննսիյանի արվեստը: Կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակի առթիվ 2015 թ.  նրա անունով է կոչվել նաև դպրոցի ուսուցչական երգչախումբը: Է. Հովհաննսիյանի անմահ անունն է կրում նաև Գ. Սաֆարյանի կրտսեր որդին, որը ճակատագրի բերումով ծնվել է կոմպոզիտորի ծննդյան օրը` հունվարի 14-ին:  

Loading...