11:57   02-12-2020
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ․ Դատախազություն
Թողնել մեկնաբանություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

2020թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են: 

Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։

ՀՀ գլխավոր դաստախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել և շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:

Loading...