20:12   03-12-2020
Հուլիսյան մարտերից հետո Տավուշում զարգացման նախաձեռնությունների պակաս չի զգացվում. նոր ԲԿ՝ Այգեձորում
Թողնել մեկնաբանություն

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքը նոր ներդրումային ծրագրի շնորհիվ կունենա ժամանակակից բժշկական կենտրոն, որը կսպասարկի շրջակա գյուղերի բնակիչներին, կունենա նաև ռազմավարական կարևոր նշանակություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս համագործակցությունը սկսվել է հուլիսյան դեպքերից հետո: Այդ ժամանակ տարբեր կազմակերպությունից բավականին մեծ հետաքրքրություն կար Տավուշում աջակցության զարգացման ծրագրեր իրականացնելու: Իմ մոտեցումն այն էր, որ այդ ծրագրերը լինեն իսկապես զարգացման ծրագրեր՝ շինարարություն, ենթակառուցվածքներ, կարևորագույն նշանակության շենքեր: Եվ մենք «Stone Development» շինարարական կազմակերպության կողմից ստացանք առաջարկ՝ շենքի կառուցման, և առաջարկեցինք Այգեձորի հիվանդանոցը»,-ասաց մարզպետը:

Այգեձորի հիվանդանոցի շենքն այսօր բավականին վատ վիճակում է, հին շենք է, որի պայմանները վերանորոգման հնարավորություն էլ չեն տալիս: «Ընտրվել է տարածքը, որտեղ կառուցված է ամբուլատորիայի շենքը, գտնվում է Այգեձոր և Չինարի գյուղերի արանքում: Ամբուլատորիայի շենքի տարածքին կից կառուցվելու է առանձին երկհարկանի շենք: Միաժամանակ կառուցվելու է նաև բավականին մեծ ապաստարանային հատված, որը անհրաժեշտություն է հատկապես սահմանամերձ տարածքում»,-ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով՝ գործընկերներն այս ընթացքում իրականացրել են ամբողջ նախագծային աշխատանքները: Երկու օր առաջ նաև տրամադրվել է շինարարական թույլտվությունը, և մի քանի օրից արդեն կսկսվեն շինաշխատանքները: Ֆինանսավորումն արվելու է բարերար կազմակերպության կողմից: Մարզպետը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարվա կեսին կավարտվեն աշխատանքները: «Եվ այդ կարևորագույն ռազմավարական վայրում կունենանք բարեկեցիկ և կարևոր ծառայություններ մատուցող առողջության կենտրոն»,-ասաց նա:

Հաշվի են առնվել առողջապահական օբյեկտների կառուցման բոլոր նորմատիվները: Մարզպետը նկատեց, որ ըստ էության կունենան տարածաշրջանում շատ լավ տիպային օրինակ՝ գյուղական առողջության կենտրոնի, և կփորձեն այդ աշխատանքները շարունակել մնացած վայրերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:

Այդ տարածքում՝ շրջակա գյուղերում այս պահի դրությամբ ապրում են 5000-ից ավելի բնակիչներ: Եվ առողջության կենտրոնը նախագծվել է՝ հաշվի առնելով հենց այդ ծավալները: Բուժանձնակազմի համալրման հարցերով ևս արդեն աշխատանքները սկսվել են: Չոբանյանի խոսքով՝ համագործակցում են կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են մասնագետներ ուղարկել: Այսօր արդեն կան կոնկրետ առաջարկություններ: Տարբեր շրջաններից, արտերկրից մասնագետներ կան, որոնք պատրաստ են հատուկ ծրագրերի ներքո որոշակի ժամանակով աշխատելու մարզում: «Մենք նաև հատկապես վերջին 1.5 տարվա ընթացքում ինտենսիվ աշխատում ենք առողջապահական մասնագիտությունների գծով սովորող երիտասարդների հետ: Հայ օգնության ֆոնդի միջոցով ֆինանսավորում ենք նրանց կրթությունը՝ Բժշկակական համալսարանում և շահագրգռում ենք երիատասարդներին, որ գնան այն մասնագիտություններով, որոնց կարիքը մարզը, մասնավորապես սահմանամերձ տարածաշրջանների բուժհաստատություններն ունեն»,-ասաց մարզպետը:

Loading...