17:21   15-01-2021
Image Description
Հանդիպումներ ՀՀ զինդատախազությունում՝ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջեւ հավաքված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արդրեբջանի Հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ՝ լսել ընդհանուր գծերով բարձրացվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը: Անմիջական հաղորդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին եւ դրա աղետալի հետեւանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով:

Առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիների հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով ՀՀ զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում ՀՀ զինվորական դատախազությունում, որը կայացել է հաջորդ օրը՝ հունվարի 14-ին:           

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին եւ հարազատներին ընդունել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երեւանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ:

Քաղաքացիները ներկայացրել են պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների տարբեր ուղղություններում ԱՀ ՊԲ առանձին ստորաբաժանումների, հրամանատարական կազմի գործողությունների, պատերազմի ընթացքում զորքերի կառավարման, սպառազինության եւ զինամթերքի մատակարարման՝ իրենց գնահատմամբ պարզման ենթակա կոնկրետ իրավիճակներ եւ հանգամանքներ, կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացի տեւականության, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների բարդությունների վերաբերյալ:   

ՀՀ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունը արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնան դետալային քննության առարկա:

Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով:

Loading...