18:26   15-01-2021
Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը. «2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությամբ՝ տարեկան եկամուտների ցուցանիշը նախատեսվել էր 1 տրլն 326 մլրդ դրամ»:

Նախորդ տարում զուտ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 88.6 մլրդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, 2019 թվականի հետ համեմատած, զուտ հարկային եկամուտների մասով գրեթե չկա բացասական տարբերություն, այն շատ չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով: Իսկ մաքսային վճարումների մասով բացասական տարբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարներից հավաքագրված եկամուտներին: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատ ակտիվ է եղել:

Loading...